Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախատեսվում է, որ հսկող դատախազը կկարողանա անձին ազատել կալանքից, եթե առկա է կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն խոչընդոտող ծանր հիվանդություն: Ծանր հիվանդությամբ տառապող անձին կալանքից ազատելու հարցը լուծելիս հսկող դատախազը հաշվի կառնի վերագրվող արարքի ծանրությունը, մեղադրյալի անձնավորությունը և այլ հանգամանքներ:
Երբ կալանավորված անձը տառապում է ծանր հիվանդությամբ, որն անհամատեղելի է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հետ, հսկող դատախազը, կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջնորդագրով, որը պետք է հիմնված լինի բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, իրավունք կունենա որոշում կայացնել կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և կալանավորված անձին ազատ արձակելու մասին:
Հսկող դատախազը միջնորդագիրը կքննի անհապաղ, բայց ոչ ուշ քան այն ստանալու հաջորդ օրը: Միջնորդագրի քննումն ավարտելուց հետո հսկող դատախազը որոշում կկայացնի միջնորդագիրը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Հսկող դատախազի՝ միջնորդագիրը մերժելու մասին որոշումը ենթակա կլինի բողոքարկման դատական կարգով: Դատարանը բողոքը կքննի անհապաղ, բայց ոչ ուշ քան այն ստանալու հաջորդ օրը: Բողոքի քննումն ավարտելուց հետո դատարանը որոշում կկայացնի բողոքը բավարարելու կամ մերժելու մասին` նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: