Իրանի նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրն իր ցավակցությունն է հայտնել երկրի զինված ուժերի կողմից սխալմամբ ուկրաինական ինքնաթիռի խոցման համար՝ ԱՄՆ-ից հարվածների սպասելով, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նահատակվելուց հետո, ամերիկյան ագրեսոր ռեժիմի կողմից սպառնալիքների և իրանցի ժողովրդին ահաբեկելու պայմաններում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակումներից պաշտպանվելու նպատակով Իրանի զինված ուժերը 100 տոկոսանոց մարտական պատրաստության էին բերվել»,- ասվում է Հասան Ռոհանիի հայտարարության մեջ:
«Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»,- հայտարարել է Ռոհանին:
Նա նաև հավելել է, որ այդ աններելի սխալի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն:
Նա Twitterի իր էջում գրել է. «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը:
Հետաքննությունը կշարունակվի այս մեծ ողբերգության և աններելի սխալի պատճառների հաստատման նպատակով»: