Կառավարությունը առաջարկում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարել:
Նախագծով նախատեսվում է, որ պետական պահուստի նյութական արժեքների պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերումը պահպանող կազմակերպության համար կառաջացնի նախազգուշացում:
Պետական պահուստի նյութական արժեքների պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերման պահից 30 օրվա ընթացքում պետական պահուստում պակասորդը չվերականգնելը պահպանող կազմակերպության համար կառաջացնի տուգանք` պակաս կամ ինքնակամ օգտագործված ապրանքների արժեքի 10%-ի չափով, իսկ 60 օրվա ընթացքում պետական պահուստում չվերականգնելը՝ 100%-ի չափով:
Պահպանող կազմակերպության կողմից պետական պահուստի նյութական արժեքների փչացումը կազմակերպության համար կառաջացնի նախազգուշացում:
Զորահավաքային պահուստ ձեւավորելու առաջադրանքը, ինչպես նաեւ ռազմավարական պաշարների պահուստի կուտակումը սահմանված ժամկետներում չկատարելը կազմակերպության համար կառաջացնի նախազգուշացում:
Զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերումը կազմակերպության համար կառաջացնի նախազգուշացում:
Նյութական արժեքների ինքնակամ օգտագործման կամ պակասորդի համար ինքնակամ օգտագործման կամ պակասորդի հայտնաբերման օրվանից 30 օրվա ընթացքում դրանք պետական պահուստում չվերականգնելը կազմակերպության համար կառաջացնի տուգանք՝ ինքնակամ օգտագործված կամ պակաս ապրանքների արժեքի 10%-ի չափով, իսկ 60 օրվա ընթացքում չվերականգնելը՝ 100%-ի չափով:
Զորահավաքային պահուստում հաստատված անվանացանկին, տեխնիկական պայմաններին և սահմանված որակական հատկանիշներին չհամապատասխանող ապրանքներ ամբարելը և պահելը, ինչպես նաև ապրանքների պահպանման ժամկետները գերազանցելը կազմակերպության համար առաջացնում է նախազգուշացում:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի ընդունման նպատակն է ՀՀ-ում նյութական պահուստի համակարգի զարգացումն ու բարեփոխումները ապահովող իրավական դաշտի ստեղծումը և նյութական պահուստի արդիականացումը և համալրումը: