Համաձայն ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների դեպքում:
Դրանք են՝ մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին, ինչպես նաև սոցիալական վերականգնման նպատակով:
Դատապարտյալին իրավունք է ընձեռվում մեկնել մինչև յոթ օր տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Դատապարտյալին մեկնում տրամադրվում է տարվա ընթացքում երկու անգամից ոչ ավելի:
Մեկնելու իրավունքը տրամադրվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ՝ հաշվի առնելով դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը, կատարած հանցագործության ծանրության աստիճանը, ինչպես նաև պատիժը կրելու ժամկետը:
Աղբյուրը` Իրավաբան.net