Սաունաները, մերսման սրահները, հեստապարային ակումբները, կարաոկեները 100 մետր հեռավորությամբ կտեղակայվեն․ Հովիկ Սաֆարյան

Զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտներ կտեղակայվեն բնակելի շենքերից ու կրթական հաստատություններից 100 մ հեռավորության վրա: Այս մասին ավագանին որոշում ընդունեց դեկտեմբեր 25-ին կայացած նիստի ժամանակ:

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով 2019թ. սեպտեմբերի 26-ից սահմանափակվել է զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը: Խոսքը, մասնավորապես, դիսկոտեկների, կարաոկեների, հեստապարային ակումբների, շոգեբաղնիքների ու մերսման սրահների գործունեության մասին է:

Որպեսզի տնտեսվարողները չզրկվեն նման գործունեություն ծավալելու իրենց իրավունքից՝ այսօր Երևանի ավագանին սահմանեց դրանց գործունեությունը թույլատրող հստակ չափորոշիչ: Մասնավորապես, զվարճանքի և ժամանցի օբյեկտները ավագանու որոշմամբ Երևանում իրավունք կունենան գործունեություն ծավալել ուսումնական, կրթական, մշակութային, առողջապահական, մարզական և սոցիալական կազմակերպություններից, հիմնարկներից, հաստատություններից, բազմաբնակարան շենքերից, անհատական բնակելի տներից, հանրային սննդի օբյեկտներից, հյուրանոցներից, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերից, զբոսայգիներից, այգիներից, պուրակներից, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերից նվազագույնը 100 մետր հեռավորության վրա:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2021թ. հոկտեմբերի 1-ից: 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել