ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտե:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1974թ. ծնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող 3 դատական գործերով հանդիսանալով ամբաստանյալ, կալանավորումը խափանման միջոց ընտրված լինելու պայմաններում, 11.02.2019թ. նշված ՔԿՀ-ից բուժման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» ԲՀԿ-ի սրտաբանական բաժին և գտնվելով անվտանգության աշխատակիցների հսկողության տակ՝ 18.02.2019 թվականին՝ ժամը 15.35-ի սահմաններում, դիմել է փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փախուստի դիմաց կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: