«Լիդիան»-ը դիմել է Օնտարիոյի Արդարության Գերագույն դատարան՝ պաշտպանություն ստանալու նպատակով․ Հովհաննես Ավետիսյան

Երեկ` դեկտեմբերի 23-ին, Տորոնտոյի ֆոնդային բորսան (Կանադա) դադարեցրել է Լիդիան ընկերության հասարակ բաժնետոմսերի սակարկումը (առ ու վաճառք) և հիմա քննում է վերջինիս բաժնետոմսերի սակարկման իրավազորությունը (այսինքն կարող են բաժնետոմսերը բորսայում սակարկվել, թե` ոչ): Այս մասին գրում է հանրային ֆինանսների կառավարման փորձգետ Հովհաննես Ավետիսյանը։

«Սրա պատճառը այն է, որ ավելի վաղ Լիդիանը դիմել էր Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարան (անգլերեն` Ontario Superior Court of Justice) «Ընկերությունների պարտատերերի կարգավորման» օրենքի (անգլերեն` Companies’ Creditors Arrangement Act) ներքո պաշտպանություն ստանալու նպատակով: Վերջինս ստացել է այդ պաշտպանությունը` նախնական մինչև հաջորդ տարվա հունվարի 2-ը:

Այս պաշտպանությունը ենթադրում է, որ Լիդիանի պարտատերերը չեն կարող վերջինիս նկատմամբ որևէ իրավական պահանջ ներկայացնել: Կանադական այս օրենքը անվճարունակ կազմակերպություններին, որոնք հինգ միլիոնից ավել պարտավորություններ ունեն, հնարավորություն է տալիս վերակառուցել իրենց բիզնես և ֆինանսական գործառույթները:

Լիդիանը հաղորդում է տարածել, որ այս պաշտպանության ներքո գտնվելու ընթացքում նա փորձելու է կարգավորել պարտատերերի և ՀՀ Կառավարության հետ ծագած խնդիրները: Կազմակերպության հաղորդմամբ նա նաև փորձելու է.

ա) Վերջ դնել իր գնահատմամբ «անօրինական գործողություններին», որոնք խոչընդոտում են նրա գործունեությանը:
բ) Դիտարկել ֆինանսական միջոցներ ներգրավելու կամ Ամուլսար ծրագիրը վաճառելու հնարավորությունները:
գ) Ավարտել ՀՀ կառավարության հանդեպ օտարեկրյա ներդրումների արբիտրաժային հնարավոր գործընթաց սկսելու ֆինանսավորման հետ կապված քննարկումները:

Այս ամենը նշանակում է, որ նախորդ գրությամբ ներկայացված սցենարը հետզհետե սկսում է զարգանալ: Հարց, արդյո՞ք ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով պատրաստ է այս նոր փուլին և իրավական ճանապարհով այս վեճի կարգավորմանը ի օգուտ ՀՀ քաղաքացիների` կնշանակի Հայաստան պետության:
Ինչքանով որ ես եմ տեղյակ, նրանք առայժմ Ամանորյա տոնածառով և տոնակատարություններով են «ծանրաբեռնված»»,-գրել է փորձագետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել