26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` երկու անձի մարմնական վնասվածքներ պատճառելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական Արաբկիր վարչական շրջանի  քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է դիտավորությամբ երկու անձի առողջությանը ծանր և թեթև վնասվածքներ  պատճառելու դեպքի հանգամանքները: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

2019 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21:55-ին, Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին  հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի առաջային  պատի, ձախից 6-7-րդ միջկողային տարածությունում միջին անրակային գծով կտրած-ծակած թափանցող վերքի»  և  «գլխի գագաթային շրջանի սալջարդի վերքի, ձախ այտային շրջանի, աջ աչքի ստորին կոպի, ձախ ականջախեցու շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել Երևան քաղաքի 44-ամյա և Արարատի մարզի  38-ամյա բնակիչները:

Դեպքի  առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով: 44-ամյա և 38-ամյա տղամարդիկ  ճանաչվել են տուժող:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 44 և 38-ամյա տղամարդիկ մարմնական վնասվածքներն ստացել են դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին, Կիևյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նաև միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է` ծնված 1993 թվականին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 117 հոդվածով: Նրա նկատմամբ որպես  խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ  հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական և  դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել