Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախատեսվում է, որ կսահմանվի առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքերի և ռազմամթերքի ընդունման կարգը:
Կկարգավորվի ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչությունների և դրանց ենթակա ստորաբաժանումների կողմից հանրային իշխանության մարմիններից, հասարակական կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից առգրավված (վերցված), կամավոր հանձնված, գտնված զենքը և ռազմամթերքը ոստիկանության տնտեսական վարչության զինապահեստ ընդունելու գործընթացը:
Ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումները, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչությունները և դրանց ենթակա ստորաբաժանումները կպարտավորվեն զենքը տասնօրյա ժամկետում ուղարկել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ հետազոտության կամ փորձաքննության, ինչպես նաև համապատասխան հաշվառումներով ստուգելու համար:
Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում հետազոտված կամ փորձաքննության ենթարկված զենքը կխմբավորվի և կպահեստավորվի:
Վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին կամ քրեական գործը կարճելու մասին որոշումների, դատարանի օրինական ուժի մեջ մտած վերջնական որոշումների կամ դատավաճիռների առկայության դեպքում, զենքը կհանձնվի զինապահեստ:
Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի եզրակացության հիման վրա ոստիկանության տնտեսական վարչությունը կկազմակերպի զենքի ընդունումը զինապահեստ: Զինապահեստ ընդունելիս զենքը կհաշվառվի ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով:
Զինապահեստ ընդունված օգտագործման համար ոչ պիտանի զենքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա կլինի ոչնչացման: