Դեկտեմբերի 22-ի լուսադեմին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում ստացվեց, որ ոտքի հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գառնի գյուղում ապրող 37-ամյա մի տղամարդ։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները Գառնիի բաժանմունքի գործընկերների հետ ձեռնարկած տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը ժամեր առաջ Գողթ գյուղի ռեստորանային համալիրներից մեկում խնջույքի է մասնակցել։ Այդ ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մասնակիցների նկատմամբ` ապօրինի ատրճանակով անկանոն կրակոցներ է արձակել։
Այնուհետև «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գողթից ուղևորվել է Գառնի։ Ճանապարհին նույն ատրճանակով անզգուշությամբ կրակել է իր ոտքին։ Կոտայքի ոստիկանների տեղեկություններով՝ նախքան հիվանդանոց տեղափոխվելը ատրճանակը պահել են Գառնի գյուղի գազալցակայանի հարևանությամբ գտնվող շինությունում։ Ատրճանակը խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է։ Հայտնաբերվել ու ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև «BMW» մակնիշի ավտոմեքենան։ Նշանակվել են փորձաքննություններ։
Խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։