Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը. հետախուզում է հայտարարվել

Նախկին դատավոր Սամվել Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին Իրավաբան․net-ին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ԲԴԽ կողմից դատախազության ներկայացրած միջնորդությունների բավարարումից անմիջապես հետո՝ դեկտեմբերի 20-ին, երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ Ուզունյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և որոշումն ուղարկվել է ՀՔԾ՝ նրան մեղադրանք առաջադրելու և խափանման միջոցի ընտրության հարցը լուծելու նպատակով։ Երբ դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը, ոստիկանությանը հանձնարարվել է նրան ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ Սակայն  տվյալներ են ստացվել, որ Ուզունյանը լքել է ՀՀ պետական սահմանը և որոշում է կայացվել նրա նկատմամբ հետախուզում հայտարարել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 20-ին, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի միջնորդությունը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սամվել Ազատի Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությունները, որոշել է միջնորդությունները բավարարել, համաձայնություն տալ Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն։

65-ամյա Ուզունյանը «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել