Մինչև 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի N59Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է սահմանել մատակարարի և բաժանորդի սեփականության տարանջատման կետը.

  • առանձնատների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների դեպքում՝ գազամատակարարման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է շինության արտաքին պատը, իսկ դրա անհնարինության դեպքում` արտաքին պատին հնարավոր ամենամոտ կետը։
  • Բազմաբնակարան շենքի բնակարանների դեպքում` մինչև բնակարանների գազի առևտրային հաշվառքի սարքի ելքը (բկանցքը), իսկ բազմաբնակարան շենքում գտնվող կազմակերպությունների դեպքում` մինչև շենքի սպասարկման, շենքում տեղակայված օբյեկտների և շենքի անվտանգության համար նախատեսված սպառման համակարգերի գազի առևտրային հաշվառքի սարքի ելքը (բկանցքը):

Այն դեպքում, երբ բաժանորդին պատկանող գազատարի միջոցով գազամատակարարում  է ստանում այլ բաժանորդ, ապա բաժանորդի գազամատակարարման ընդհատման կամ դադարեցման դեպքում այլ բաժանորդի գազամատակարարումը  նույնպես կընդհատվի կամ կդադարեցվի:

Պայմանագիր կնքելու համար, երբ գազասպառման համակարգը միացված է գազամատակարարման ցանցին, մատակարարին կներկայացվի դիմում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.

1) ֆիզիկական անձանց դեպքում` դիմող անձի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անունը, ազգանունը, փաստաթղթի անվանումը, սերիան և համարը), դիմող անձի բնակության հասցեն (ծանուցման հասցեն), հեռախոսահամարը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի ներկայացման ամսաթիվը, դիմող անձի ստորագրությունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` նաև հարկ վճարողի հաշվառման համարը.

2) իրավաբանական անձի դեպքում` դիմող անձի անվանումը, գտնվելու վայրը (ծանուցման հասցեն), իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, ազգանունը, գազասպառման համակարգի տեղակայման վայրը, հեռախոսահամարը, հարկ վճարողի հաշվառման համարը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի ներկայացման ամսաթիվը, դիմող անձի ներկայացուցչի ստորագրությունը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունմամբ կհստակեցվեն բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների որոշ հիմնական հասկացություններ, բնակչության դեպքում մինչև 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով, ինչպես նաև միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազեցվի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի 5%-ի չափով։ Կհստակեցվի նաև ՀՀ պետական բյուջեով իրականացվող կապիտալ ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման գործընթացը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել