Ձերբակալվել են «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձինք

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետից ահազանգ է ստացվել այն մասին, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել լուսարձակող իրի ներնետում դեպի արգելագոտի, նկատվել են նաև ներքին արգելագոտուն մոտեցող երկու դատապարտյալ։

Այս մասին տեղեկացնում են քրեակատարողական ծառայությունից:

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից անհապաղ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, որոնց արդյունքում տեղանքի զննությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով և լուսարձակող կրակայրիչներով ամրացված փաթեթ, իսկ դատապարտյալներից մեկի անձնական խուզարկությամբ` բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։ Փաթեթում, ըստ առանձնացված չափաքանակների, առկա են եղել 7,0, 3,8 և 11,6 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ, «B8» մակնշմամբ «Սուբոտեքս»` «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբի 4 կտոր՝ 0,9 գրամ ընդհանուր քաշով, ինչպես նաև բջջային հեռախոս և լուսարձակող 3 կրակայրիչ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Վերոհիշյալից բացի, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին բացահայտվել են նաև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից իրացնելու նպատակով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքեր։

Այսպես` Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով` 2019 թվականի դեկտեմբերի 20-ին` ժամը 08:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Հ.Կ.-ին, ում բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է «B8» մակնշմամբ «Սուբոտեքս»` «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող, 0,4 գրամ ընդհանուր քաշով 2 դեղահաբ` փաթեթավորված թափանցիկ, կպչուն ժապավենով:

Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում  ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քննչական ենթակայության կարգով նախաքննություն կատարելու համար։

Հ.Կ.-ն ձերբակալվել է։

Բացի այդ, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ա.Մ.-ը, ակնհայտ ապօրինի գործողության` թմրամիջոց և հոգեմետ նյութ քրեակատարողական հիմնարկ փոխադրելու համար, 2019 թվականի դեկտեմբերի 18-ին` ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ անձից ստացել է 30.000 ՀՀ դրամ կաշառք և վերցնելով արգելված իրեր պարունակող պոլիէթիլենային տոպրակը` այն պահել է իր անձնական օգտագործման «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայում։

2019 թվականի դեկտեմբերի 20-ին` ժամը 10:30-ի սահմաններում, Ա.Մ.-ի կողմից ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ծառայության ներկայանալուց հետո, նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկվել հիշյալ ավտոմեքենան, որի հետևի նստատեղի տակից հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակ, որում առանձնացված փաթեթներով առկա են եղել 95 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներ, հոգեմետ նյութ պարունակող «Прегабалин канон» մակնշմամբ («Լիրիկա» տեսակի) 19 դեղապատիճ, ինչպես նաև թմրամիջոցի նմանվող՝ 4 գրամ ընդհանուր քաշով սպիտակ, փոշենման զանգված:

Նույն օրը դեպքի առթիվ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում  ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քննչական ենթակայության կարգով նախաքննություն կատարելու համար։

Ա.Մ.-ը ևս ձերբակալվել է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել