Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արտակ Բուդաղյանը նշանակվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար։
Իրավաբան․net-ը հայտնում է, որ Բուդաղյանը ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 16-ին։
- 1988 թ. ավարտել է Գորիսի թիվ 4 միջնակարգ դպրոցը։
- 1993 թ. ավարտել է Երևանի պետական գյուղատնտեսական ինստիտուտը,
- Ավարտել է Մոսկվայի Մ.Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
- 1990 թ. մասնակցել ՀՀ հարավարևելյան սահմանների համար մղված պաշտպանական, Կուբաթլուի, Լաչինի շրջկենտրոնների ազատագրման մարտերին։
- 1995 թ. հոկտեմբերին ծառայության է զորակոչվել ՀՀ զինված ուժեր։ Եղել է վաշտի հրամանատարի տեղակալ, հրամանատար, զորամասի օպերատիվ բաժնի ավագ սպա, տեղակալ։
- 2003-2010 թթ. եղել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար։
- 2010 թվականից ԼՂՀ ՊԲ զորամասի հրամանատար։
- 2014 թվականից ՀՀ ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալն է։
Պարգևներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2013)
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ,
- Մարտական ծառայության մեդալ,
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ աստիճանի մեդալներ,
- ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալ,
- «Սյունյաց արծիվներ», «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալներ։
Հիշեցնենք նաև, որ 2013 թ. հունիսի 1-ին ծանր վիրավորվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ։
Մեղադրական եզրակացության համաձայն ՝ Արտակ Բուդաղյանն իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ հունիսի 1-ին ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում իր ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
Մարզպետի տան դիմաց արձակված կրակոցներից Ավետիք Բուդաղյանը մահացել էր:
Սունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015 թվականի օգոստոսի 21-ին, դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանին:
Որպես պատիժ դատարանը նշանակել է տուգանք 120 հազար դրամի չափով: Նշենք, որ մեղադրող դատախազը Բուդաղյանի համար 150 հազար դրամ տուգանք էր առաջարկել: