Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ՝ կատարման ծախսերը:
Կատարողական թերթով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է պարտապանի դրամական միջոցների վրա:
«Եթե պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար չկան անհրաժեշտ դրամական միջոցներ, ապա բռնագանձումը տարածվում է պարտապանին պատկանող այլ գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի թույլատրվում բռնագանձում տարածել»,-Իրավաբան. net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:
Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է հետևյալ հերթականությամբ.
1) պարտապան իրավաբանական անձի պարագայում`
ա) արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ,
բ) պատրաստի արտադրանք,
գ) անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ,
դ) այլ գույք (այդ թվում` անշարժ գույք).
2) պարտապան ֆիզիկական անձի պարագայում`
ա) շարժական գույք,
բ) անշարժ գույք:
Փաստաբանի խոսքերով. «Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումը իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը կարող է բռնագանձվել, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքը անբավարար է պահանջների բավարարման համար»:
Եթե միևնույն հերթում առկա են գույքի տարբեր տեսակներ, ապա դրանց վրա բռնագանձում տարածելու հերթականությունը որոշում է հարկադիր կատարողը:
Աղբյուրը` Իրավաբան.net