Ցուցմունք տալուն հարկադրելը` որպես կոռուպցիոն հանցագործություն

Ինչպես արդեն նշել ենք, ըստ ՀՀ գլխավոր դատախազի 2008 թվականի թիվ 82 հրամանի` որպես կոռուպցիոն հանցագործությունների տեսակ է` դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը: Սույն հանցագործությունը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածով, որը համարվում է արդարադատության դեմ ուղված հանցագործություն:

 

Հոդվածի դիսպոզիցիան սույն հանցագործությունը բնութգրում է հետևյալ կերպ` դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից սպառնալիք գործադրելու կամ այլ ապօրինի գործողություններով` վկային, կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին կամ տուժողին ցուցմունք կամ փորձագետին կեղծ եզրակացություն տալուն, ինչպես նաև թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը:

 

Քրեական գործի քննության լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության երաշխիքներից մեկը ցուցմունքներ տալու կամավորությունն է: Ցուցմունքներ տալուն հարկադրելու հանրային վտանգավորությունը դրսևորվում է նրանում, որ հաճախ դրա արդյունքում հանցագործության մեջ մեղավոր են ճանաչվում անմեղ անձինք, իսկ իրական մեղավորները մնում են անպատիժ: Սակայն ցուցմունքեր տալուն հարկադրելու հանրային վտանգավորությունը միայն վերը նշված հանգամանքով չի արտահայտվում: Օրենքը պատասխանատվություն է նախատեսում ցուցմունքներ վերցնելու հակաօրինական եղանակի համար: Եթե նույնիսկ ցուցմունքներ տալուն հարկադրելու արդյունքում ձեռք են բերվում իրականությանը համապատասխանող տեղեկություններ, և հանցագործությունը բացահայտվում է, միևնույն է, ցուցմունքներ տալուն հարկադրողի արարքը համարվում է հանցավոր:

 

Ցուցմունքներ տալուն հարկադրելու հանրային վտանգավորությունը գնահատելիս պետք է նաև հաշվի առնել, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն` արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը: Հետևաբար հարկադրանքի ազդեցության տակ տված ցուցմունքները ապացուցողական նշանակություն չունեն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել