Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը տեղեկացնում է, թե ինչպիսին պետք է լինի երեխայի սնունդը Ամանորյա տոներին:
Մի փոխեք երեխայի սննդակարգը
Մասնագետը խորհուրդ է տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը: Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը իր սովորական ժամերին: Իհարկե, երեխային կարելի է տոնական սեղանից ինչ-որ բան հյուրասիրել, բայց դա պետք է անել զգուշությամբ, որպեսզի անծանոթ սննդից ոչ մի խնդիր չառաջանա:
Երեխային թույլ մի տվեք շատ հյութ խմել
Երեխաների մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիքներ և քաղցր հյութեր, սակայն դրանք, ինչպես հայտնի է, այդքան էլ օգտակար չեն առողջության համար, այդ իսկ պատճառով թույլ մի տվեք նրանց շատ լիմոնադ և այլ հյութեր խմել:
Հյուր գնալիս ավելի զգույշ եղեք
Ուշադրություն դարձրեք, որպեսզի երեխան ուրիշի տանը թարմ սնունդ ուտի: Եթե երեխան պատրաստվում է միրգ ուտել, համոզվեք, որ այն մաքուր է:
Կրկնակի ուշադիր եղեք փողոցում սնունդ գնելիս
Եթե դուք երեխայի հետ ժամանակն անց եք կացնում փողոցում կամ էլ այնտեղ պետք է ինչ-որ բան ուտեք, ուշադրություն դարձրեք, թե որտեղ և ինչպես է պատրաստվել ուտելիքը (արդյոք աշխատակիցները ձեռնոց կամ էլ համապատասխան համազգեստ են կրում, արդյոք մաքուր է խոհանոցը), արդյոք թարմ է այն:
Երեխային սովորեցրեք լվանալ ձեռքերը
Ձեր երեխային պարտադիր սովորեցրեք ուտելուց առաջ լվանալ ձեռքերը, հիշեք՝ ինչքան վարակներ են անցնում անլվա ձեռքերից: Եթե Ձեզ հետ ջուր չունեք, թող որ երեխան գոնե թաց անձեռոցիկ օգտագործի: Այս խորհուրդը շատ տեղին է նաև մեծահասակների համար