1 տարվա ընթացքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատ վարույթ է ընդունվել 76 բողոք

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատն այսօր` փետրվարի 5-ին, առաջին անգամ հանրությանը ներկայացրեց իր դատական և ոչ դատական գործունեության տարեկան ամփոփումը` հաշվետվություն- ձեռնարկի շնորհանդեսը:

 

«Նախաձեռնության անհրաժեշտությունն ու նպատակն ըստ էության մեկն է` հանրությանն ամբողջական տեղեկատվություն տրամադրել քրեական արդարադատության հարցերով բարձրագույն դատական ատյանի կողմից 2011 թվականի դեկտեմբերից-2012 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության մասին»,- ասաց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը:

 

2011 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատ ներկայացվել է 1143 բողոք (1011 գործով), որոնցից 124-ը կամ 10.8 %-ը` դատախազության կողմից, 668-ը կամ 58.4%-ը` փաստաբանների կողմից, 542-ը կամ 47.4%-ը` դատավարության այլ մասնակիցների կողմից: Ներկայացված բողոքներից վերադարձվել է 1007-ը կամ 88.1%-ը, 58-ը կամ 5.07% թողնվել է առանց քննության, իսկ վարույթ է ընդունվել 76 բողոք կամ 6.6%-ը:

 

Վարույթ ընդունված 76 բողոքներից քննվել է 65-ը և կայացվել է 57 որոշում, իսկ 11-ը գտնվում են դատավորների վարույթում: Վարույթ ընդունված բողոքներից լրիվ բավարարվել է 19-ը կամ 25%-ը, մասնակի բավարարվել է 24-ը կամ 31.5%-ը, մերժվել է 22-ը կամ 28.9%-ը:

 

Քրեական պալատը բավականին քիչ թվով բողոքներ է ընդունել վարույթ, սակայն, ինչպես նշվում է ձեռնարկում, ընդունված բողոքների քննության արդյունքում կայացված որոշումների ազդեցությունն իրավակիրառ պրակտիկայի նկատմամբ միանշանակ է և հեղափոխական:

 

Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումների ժողովածուի երրորդ հատորը: Ժողովածուն ներառում է 2010 թվակաին երկրորդ կիսամյակում և 2011 թվականի ընթացքում պալատի կողմից կայացված նախադեպային որոշումները:

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել