Այս ավտոբուսները քաղաքին կծառայեն մինչև նոր տրանսպորտային ցանցը ներդրվելը՝ միջանկյալ շրջանում․ Հակոբ Կարապետյան

Մասնավոր ընկերության ներկրած երկու քաղաքային ավտոբուսները, որոնց լուսանկարները այսօր տարածվել են ցանցում, կաշխատեն քաղաքապետարանի հետ համաձայնեցված երթուղիներում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից։

«Ընդ որում, դրանք քաղաքին կծառայեն մինչեւ նոր տրանսպորտային ցանցը ներդրվելը՝ միջանկյալ շրջանում:

Եթե հիշում եք, այս տարվա օգոստոսին քաղաքապետ Մարությանը հանդիպել էր մասնավոր ուղեւորափոխադրողների հետ եւ առաջարկել ՝ մինչեւ նոր երթուղային ցանցի ներդրումը թարմացնել շարժակազմը և շարունակել սպասարկել եղած երթուղիները, ինչպես նաև՝ ձեռք բերել նոր ցանցի պահանջներին համապատասխանող շարժակազմ և մասնակցել երթուղային նոր ցանցի սպասարկմանը:

Այս օգտագործած ավտոբուսների ներկրումը, ըստ էության, այդ առաջարկի արձագանքն է: Սա կարեւոր է իմանալ, որովհետեւ նոր տրանսպորտային ցանցի համար քաղաքի ձեռք բերելիք ավտոբուսների առաջ ընդհանրական պահանջներ են դրվելու, այդ թվում՝ բրենդինգի (գույնի, ձեւավորման եւ այլն)»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել