Հայաստանում աղքատության մակարդակը 2010 թվականից ի վեր կայուն անկում է գրանցել՝ 2018 թվականին հասնելով 23.5%-ի: Այս մասին հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:
Նշվում է, որ ծայրահեղ աղքատությունը, որը սահմանվում է որպես մեկ շնչի հաշվով օրական $1.9-իցպակաս սպառման մակարդակ, շարունակում է մնալ շատ ցածր:
«Միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների դասում աղքատության մակարդակը (մեկ շնչի հաշվով օրական $3.20) նույնպես նվազել է, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում դրա նվազման տեմպերը դանդաղել են: Հայաստանում աղքատության այս գնահատականը միջինից ցածր եկամուտ ունեցող մյուս երկրների համեմատ զգալիորեն ցածր է»,-ասվում է հետազոտության մեջ:
Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է՝42.2 % ցուցանիշով, ապա՝ Լոռին (29.4%) և Տավուշը (29.4%):
Անդրադառնալով բազմաչափ աղքատության համաթվին (ԲԱՀ)՝ նշվում է,որ այն շարունակում է ազգային մակարդակով նվազել՝ 2018 թվականին հասնելով 23.6 %-ի:
Նշվում է նաև, որ կանանց շրջանում աղքատության մակարդակը տղամարդկանց համեմատ փոքր-ինչ ավելի բարձր է: Բազմաչափ աղքատության դեպքում պատկերն այլ է. Հայաստանում յուրաքանչյուր 4 կանանցից մեկն ապրում է բազմաչափ աղքատության պայմաններում: Երեխաների շրջանում աղքատության մակարդակը չափահասների համեմատ ավելի բարձր է: Երեխաների գրեթե 30 %-ը մեծանում է՝ զրկված լինելով հիմնական սպառման կարիքները բավարարելուն անհրաժեշտ դրամական միջոցներից, իսկ մեկ քառորդն ապրում է բազմաչափ աղքատության պայմաններում: