ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը, 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը վարձակալությամբ տրամադրելու, ապա նաև օտարելու նպատակով, գիտակցելով որ գերեզմանոցների առկայության պարագայում չի կարող հասնել իր համար ցանկալի արդյունքի, հողատարծքը ներկայացրել է որպես գյուղատնտեսական նշանակության արոտավայր:
Նա կազմել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր և այն վարձակալությամբ հանձնել համագյուղացուն, իսկ 2004թ. նույն անձի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր և վարձակալությամբ տրված հիշյալ հողատարածքը 783.000 ՀՀ դրամով օտարել է վերջինիս՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: