«Էյ Բի Սի տեքստիլ» ՍՊԸ-ի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություն է կատարել ընկերությանը մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ որոշման մեջ: 2017 թվականից գործող ընկերությունն առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (սրբիչների արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է շուրջ 7 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 10.5 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ: Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1,823,702,113 ՀՀ դրամի ներդրում:
Կառավարության համապատասխան որոշումներով բավարարել է «ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ի, «Ջիարփի սիսթեմս» ՓԲԸ-ի ներկայացրած հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:
«ԱՍԷԴԼ» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է այլումինե, մետաղապլաստե տարատեսակ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրության համար, ապակու (թրծում, լամինապատում, անցքերի փորվածքներ, եզրերի հղկում), մետաղապլաստե, ալյումինե դռների և պատուհանների արտադրություն: ՀՀ-ում առաջին անգամ իրականացվելու է էներգախնայող ապակիների մշակում (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է 95.6 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է իրականացնել 870 մլն դրամի կապիտալ ներդրում (տարածքների ձեռքբերում և վերանորոգում, նոր սարքավորումների ձեռքբերում): Ներկայումս առկա է 170 աշխատատեղ, կստեղծվի 80-100 նոր աշխատատեղ` 160,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 7.5 մլրդ դրամ, որից 3.5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 7,559,830,800 դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 869,558,634 դրամ:
«Ջիարփի սիսթեմս» ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է ապակեմանրաթելային խողովակների արտադրության համար (Կոտայքի մարզ)։ Արդեն իսկ իրականացվել է 4.8 մլրդ դրամի ներդրում` գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման նպատակով ձեռք բերված սարքավորումների համար: Տեղադրվել են խողովակների արտադրության երկու հոսքագիծ: Նախատեսվում է իրականացնել 10.7 մլրդ դրամի ներդրում ցանկում նշված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 30 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 13 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10.7 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 914 մլն դրամ:
Մեկ այլ որոշմամբ էլ «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը կօգտվի ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: 2019 թվականին հիմնադրված ընկերությունը զբաղվում է արդյունաբերական ֆիլտրերի, ֆիլտր էլեմենտների արտադրությամբ, որոնք օգտագործվում են արդյունաբերական և նավատորմի հատուկ տեխնիկայի համար։ Ընկերությունը սարքավորումներ և նյութեր պետք է ներմուծի Գերմանիայից: 2020 թ-ից ընկերությունը կիրականացնի արտահանում ԵԱՏՄ և երրորդ երկիր: 2020 թվականի ընթացքում արտահանման կանխատեսվող ծավալը կազմում է 145 մլն դրամ, որի մեկ երրորդը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ, մնացած մասը` երրորդ երկիր: Հետագա տարիների ընթացքում կանխատեսվում է արտահանման ծավալների աճ: Ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 580 մլն դրամի չափով ներդրում, որից հիմնական միջոցների ձեռքբերման համար նախատեսված գումարը կազմում է շուրջ 230 մլն դրամ, իսկ հումք և նյութեր ձեռք բերելու համար նախատեսված գումարը կազմում է շուրջ 350 մլն դրամ։ Ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 26 նոր աշխատատեղ` 150-160 հազ․ դրամ միջին աշխատավարձով: