Կառավարության նիստին Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ

Կառավարության դեկտեմբերի 19-ի նիստին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվեց Ստյոպա Սաֆարյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքն է առաջադրել Ստյոպա Սաֆարյանի թեկնածությունը․ «Պարոն Սաֆարյանը ՀՀ-ում երկար տարիներ հանրային քաղաքականության գործունեություն է ծավալում և կարծում եմ, որ այս նոր կարգավիճակում նրա գործունեությունն ավելի արդյունավետ կլինի՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի»,-ասաց նա։

Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Սա իմ կյանքում ամենաանսպասելի առաջարկներից մեկն է եղել, որ ես ստացել եմ։ Մեծագույն պատիվ է աշխատել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության համար, նրանց շահերի համար, մեծագույն հաճույք և պատիվ է աշխատել նոր Հայաստանի կառավարության գործընկերությամբ։ Կփորձեմ, ինձանից կախված և իմ ներուժի բոլոր հնարավորությունների շրջանակներում ապահովել այդ կամուրջներից մեկը՝ կառավարության և հանրության։ Չենք հավակնում լինել միակ կամուրջը, բարեբախտաբար այդպիսիք շատ են, առավել ևս` հեղափոխությունից հետ։ Խոստանում ենք հանրության ձայնը հասցնել կառավարությանը, մեր բոլոր գործընկերներին, հասցնել ձեզ, օգտակար լինել խորհուրդներով և օգտակար լինել մեր հանրային ծառայությամբ»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հանրային խորհուրդն այնքան էլ լավ պայմաններում չէ, որ նա պետք է ստանձնի այդ պաշտոնը։ «Ստեղծման առաջին օրից, Հանրային խորհրդի նպատակահարմարության և գոյության իրավունքի հարցը միշտ էլ հարցականի տակ է եղել և եկեք ուղիղ խոստովանենք, որ վերջին շրջանում էլ այդ մասին բազմաթիվ քննարկումներ կային և՛ ընդդիմության շրջանում, և՛ իշխանության շրջանում։ Իրականում շատ ծանր առաքելություն է լինելու Հանրային խորհրդի նոր նախագահի առաքելությունը։ Ուզում եմ ասել, որ ստեղծման օրվանից այն մի նախագահ է ունեցել, դուք երկրորդ նախագահն եք։ Ձեր առաջ դրված է բարդ խնդիր, սա, ըստ էության, Հանրային խորհրդի վերջին շանսն է՝ ապացուցելու, որ ինքը որպես կառավարության խորհդրատվական մարմին իսկապես կարող է լինել էֆեկտիվ»,-ասաց վարչապետը։

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստին Դանիել Իոաննիսյանը և Ալբերտ Ստեփանյանը ընդգրկվեցին Հանրային խորհրդի կազմում։

Ավելի վաղ ՝ Բաբկեն Պիպոյանն ու Կարեն Զադոյանը հայտնել էին խորհուրդը լքելու իրենց որոշման մասին, իսկ նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվեց խորհրդի նախագահի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել