Հաճախ լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է ներկայացնել հայցադիմում, և հնարավորություն չունենք դիմել փաստաբանի, ուստի ստիպված ենք լինում կազմել ինքներս:
Ի՞նչ է պետք իմանալ հայցադիմում կազմելիս:
Ներկայացնենք հայցադիմումի ձևը և բովանդակությունը:
Նախ նշենք, որ հայցադիմումը ներկայացվում է գրավոր, իսկ հայցադիմումում պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.
2) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը.
3) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.
4) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.
5) հայցապահանջները հաստատող ապացույցները.
6) բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը.
7) հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.
8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
Հայցադիմումում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները:
Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա կողմից դրա համար լիազորված ներկայացուցիչը:
Աղբյուր՝ Իրավաբան.net