Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը փաստաթուղթ է, որը պարունակում է տեղեկություն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքով, գնահատման ստանդարտով և օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատմամբ (տվյալ օրվա դրությամբ) որոշված անշարժ գույքի արժեքի վերաբերյալ:
Անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը պետք է պարտադիր պարունակի`
1) անշարժ գույքի գնահատման սուբյեկտների անվանումները, իրավաբանական հասցեները.
2) անշարժ գույքի գնահատման և տեղազննության ամսաթիվն ու տարեթիվը.
3) անշարժ գույքի գնահատման դասական երեք մեթոդների կիրառման հղումները գնահատման ստանդարտին, իսկ տվյալ անշարժ գույքի օբյեկտի գնահատման համար մեկ կամ երկու դասական մեթոդների կիրառման անհնարինության դեպքում` դրանց հիմնավոր պատճառաբանությունը.
4) գնահատվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքներն ու սահմանափակումները.
5) գնահատվող անշարժ գույքի ելակետային տվյալները, դրանց հավաստիության աղբյուրները.
6) անշարժ գույքի տեղազննության արդյունքները, գնահատման օբյեկտի նկարագիրը.
7) անշարժ գույքի գնահատման դասական երեք մեթոդների կիրառման արդյունքում ստացված արժեքների և դրանց համաձայնեցման արդյունքում ձևավորված անշարժ գույքի արժեքի գնահաշվարկները, իսկ տվյալ անշարժ գույքի օբյեկտի գնահատման համար մեկ կամ երկու դասական մեթոդների կիրառման անհնարինության դեպքում` կիրառված դասական մեթոդ(ներ)ի արդյունքում ստացված և ձևավորված անշարժ գույքի արժեքի գնահաշվարկները.
8) անշարժ գույքի գնահատման տվյալների առևտրային գաղտնիության պայմանները.
9) անշարժ գույքի լավագույն և առավել արդյունավետ օգտագործման վերլուծությունը, եթե պատվիրատուն նման վերլուծության ցանկություն հայտնի.
10) անշարժ գույքի գնահատման համար օգտագործված փաստաթղթերի ցանկը.
11) պատվիրատուի և երրորդ անձանց առջև՝ գնահատողի պատասխանատվությունը.
12) գնահատողի անունը, ազգանունը, ստորագրությունը, որակավորման վկայականի համարը:
Անշարժ գույքի գնահատման գործունեության որակի ապահովման նպատակով սահմանված է վարչական պատասխանատվություն` անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ գույքի գնահատողի որակավորում չստացած անձի կողմից ստորագրելու համար (տուգանք` 100 000 դրամի չափով):
Նույն արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net