Օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները, որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, բացառությամբ ստորև նախատեսված դեպքերի:
Հակամրցակցային չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, տեխնիկական կամ տնտեսական առաջընթացին, արտադրության խթանմանը, ապրանքների կատարելագործմանը, ապրանքների արտահանման խթանմանը, նպաստում են սպառողների շահերին:
Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար սահմանված տուգանքի չափը կազմում է 5 միլիոնից 200 միլիոն դրամ:
Հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) միջոցով գների չհիմնավորված բարձրացման հետևանքով տնտեսվարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հանձնաժողովը կարող է որոշում ընդունել տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ պատասխանատվության միջոց չկիրառելու մասին, եթե տնտեսվարող սուբյեկտը, մինչև տվյալ համաձայնության առնչությամբ Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի հարուցումը, օրենքով սահմանված կարգով, իր նախաձեռնությամբ առաջինն է դիմում Հանձնաժողովին և կամովին պարտավորվում դադարեցնել այդ հակամրցակցային համաձայնությանն իր մասնակցությունը և հետագայում բացառել այն` միաժամանակ ներկայացնելով տվյալ հակամրցակցային համաձայնությանը վերաբերող այնպիսի ապացույց(ներ), որը (որոնք), ըստ Հանձնաժողովի, բավարար հիմք է(են) տվյալ հակամրցակցային համաձայնության վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու համար: Տնտեսվարող սուբյեկտը լիովին ազատվում է հակամրցակցային համաձայնություն կնքելու (կայացնելու, այդ համաձայնությանը մասնակցելու) համար նախատեսված պատասխանատվությունից, եթե Հանձնաժողովին տրամադրում է հետևյալ ապացույցները`
– դիմողի անվանումը և հասցեն,
– հակամրցակցային համաձայնությանը մասնակցող (մասնակցած) բոլոր տնտեսվարող սուբյեկտների անվանումները և այլ տեղեկություններ,
– հակամրցակցային համաձայնության մանրամասն նկարագրությունը, ներառյալ` դրա նպատակը, դրսևորման եղանակը, համաձայնության առարկա հանդիսացող ապրանքը, հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) ամսաթիվը, տևողությունը, վայրը, այլ տվյալներ,
– բոլոր այն անձանց անունները, պաշտոնները, հասցեները, որոնք ներգրավված են, ներգրավված են եղել կամ կարող են ներգրավված լինել հակամրցակցային համաձայնության կնքման (կայացման) գործընթացում,
– հակամրցակցային համաձայնությանն առնչվող` դիմողի տրամադրության տակ գտնվող այլ ապացույցներ:
Այս դեպքում Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտի` օրենքի խախտմամբ ստացած շահույթը (եկամուտը) Հանձնաժողովի որոշմամբ ենթակա է գանձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հանձնաժողով դիմած տնտեսվարող սուբյեկտը չի կարող ազատվել վերը նշված պատասխանատվությունից, եթե նա չի կատարել հետևյալ պայմանները կամ դրանցից որևէ մեկը`
– տնտեսվարող սուբյեկտը դիմումը ներկայացնելու պահից սկսած Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում պատշաճ կերպով չի օժանդակում համաձայնության փաստի բացահայտմանը, մասնավորապես, չի ներկայացնում հակամրցակցային համաձայնությանն առնչվող` իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունը (ապացույցները) և (կամ) օպերատիվ կերպով չի տրամադրում դրանք, չի ապահովում իր աշխատակիցներից համապատասխան տեղեկատվություն ստանալու հնարավորության ընձեռումը: Դիմող տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է նաև ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությանն առնչվող տեղեկատվության (ապացույցների) ոչնչացումից, կեղծումից, դրանց կամ իր դիմումում առկա տվյալների տարածումից, հրապարակումից` մինչև Հանձնաժողովի կողմից որոշման կայացումը կամ Հանձնաժողովի համաձայնությունը և այլն,
– տնտեսվարող սուբյեկտը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո չի դադարեցնում իր մասնակցությունը հակամրցակցային համաձայնությանը:
Աղբյուրը` Իրավաբան.net