Երկու մանկահասակ երեխա և մեկ չափահաս անձ մահացել են բժշկի անփութության հետևանքով

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործn ըստ մեղադրանքի Նշան Գևորգյանի:

 

Վերջինս, հանդիսանալով Արմավիր բժշկական կենտրոն ՓԲԸ տնօրեն, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման իր մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

 

Մասնավորապես, 2010թ. հուլիսի 17-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, գործով մեղադրյալը, իմանալով նույն օրը՝ ժամը 17:05-ին, Արմավիր ԲԿ ընդունված մանկահասակ հիվանդ Հովհաննես Հ.-ի առողջական վիճակի վատացման մասին, Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն, անթույլատրելի կերպով հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով, որի հետևանքով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Հովհաննես Հ.-ն մահացել է:

 

Այսինքն, Նշան Գևորգյանը կատարել է հանցանք՝ նախատեսված ՀՀ քր. օր.-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

 

Դրանից հետո արդեն որպես պաշտոնատար անձ շարունակել է իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորել. ընկերության շտապ օգնության ծառայության աշխատանքները ճիշտ չկազմակերպելով՝ ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել, որի արդյունքում 2010թ. դեկտեմբերի 4-ի՝ լույս 5-ի գիշերը, շտապ օգնության ծառայության հերթապահ բրիգադը, բենզին չունենալու պատճառաբանությամբ, Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Վռամ Խ.-ի հարազատների՝ ժամը 00:46-ի հեռախոսականչով, հիվանդ Վռամ Խ.-ի առողջական վիճակին սպառնացող վտանգի պայմաններում, նրան չի այցելել և շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել և դրա հետևանքով հիվանդը մահացել է:

 

Բացի դա, Նշան Գևորգյանը, ի պաշտոնե անփույթ վերաբերմունքի դրսևորմամբ, բժշկական կենտրոնի աշխատակիցների պահանջների պայմաններում, ԲԿ-ն չի ապահովել մանկական լարինգոսկոպով և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով, որի հետևանքով 01.01.2011թ Արմավիրի ԲԿ մանկական բաժանմունք ընդունված մանկահասակ հիվանդ Արտաշես Ս.-ի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բուժ.օգնություն ցուցաբերելու լիարժեք հնարավորություն չեն ունեցել, որը ևս որպես Ն.Գևորգյանի կողմից թույլ տրված կազմակերպչական բնույթի թերություն՝ անզգուշորեն առաջացրել է հիվանդի մահ:

 

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստոորագրություն չհեռանալու մասին:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել