Ինչպես արդեն նշել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում, արդեն դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է նաև ջրի, հյութերի և կոկտեյլների համար, հետևաբար պետք է նաև իմանալ, թե ինչ կարգով պետք է իրականացվի ապրանքների դրոշմավորումը:
Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձինք ապրանքների դրոշմավորումն իրականացնում են ինքնուրույն` ձեռք բերված դրոշմապիտակները այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել ապրանքի արտադրության կամ իրացման նախապատրաստման ցանկացած փուլում` իրենց կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ մինչև այդ ապրանքների օտարումը:
Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը կամ ներմուծելուց հետո` ներմուծող անձի կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ մինչև այդ ապրանքների օտարումը:
Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմապիտակ:
Ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները (այդ թվում` դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր ապրանքախմբի համար դրոշմապիտակի փակցման տեղը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Արգելվում է դրոշմապիտակների օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված դրոշմապիտակներն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը:
«Սահմանված կարգով ձեռք բերված կամ oգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) հսկիչ նշանները (դրոշմապիտակները) oտարելը, եթե դրանց քանակը չի գերազանցում հիսուն հատը, առաջացնում է տուգանքի նշանակում` oտարված յուրաքանչյուր դրոշմանիշի և (կամ) հսկիչ նշանի (դրոշմապիտակի) համար` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում. «Ապoրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ չնշված լինելու դեպքում` oրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով չի գերազանցում հիսուն հազար դրամը, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով»:
Աղբյուրը` Իրավաբան.net