Ապաստանն օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին Հայաստանի Հանրապետությունում շնորհված պաշտպանություն է, որը երաշխավորում է նրա նկատմամբ Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված անձանց` Կոնվենցիայով, օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով շնորհված բոլոր իրավունքները:
Ապաստան ստանալու խնդրանքով օտարերկրյա քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձիք Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմնի կազմում գործող Սահմանապահ զորքերին` բանավոր, գրավոր, ժեստերի լեզվով կամ հաղորդակցության որևէ այլ միջոցով առերես արված ցանկացած հայտարարության միջոցով, որը կարող է արտահայտել Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն գտնելու նրանց ցանկությունը:
Ապաստան հայցողները, եթե գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա կարող են դիմել ՀՀ Ոստիկանություն և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն: Դիմումի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դիմումը կարող է լրացվել հայերեն կամ անձի մայրենի լեզվով կամ ՄԱԿ-ի լեզուներից մեկով՝ արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն:
Աղբյուրը` Իրավաբան.net