Օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`
ա) նստավայր Երևանում (Բաղրամյան 26),
բ) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ,
գ) պետական ամառանոց Սևանում, Դիլիջանում և Ծաղկաձորում` ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ,
դ) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ,
ե) հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի և նրա աշխատակազմի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ծախսերը նախատեսող մասով:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի` պետական բյուջեով սահմանված ծախսերի կազմում նախատեսվում է պահուստային ֆոնդ, որի միջոցները ծախսվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով:
Պաշտոնաթողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով:
Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող Նախագահը վարում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է Հայաստանի Հանրապետության Նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին ապահովում է բնակարանով, ավտոտրանսպորտով, ինչպես նաև պաշտոնաթող Նախագահի ցանկությամբ` կահավորված գրասենյակով: Պաշտոնաթող Նախագահին բնակարանը տրամադրվում է սեփականության իրավունքով, կահավորված գրասենյակը հատկացվում է օգտագործման իրավունքով` մինչև 70 տարին լրանալը, իսկ ավտոտրանսպորտը` ցմահ օգտագործման իրավունքով:
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին օգտագործման իրավունքով տրվող գրասենյակի համար նախատեսվում է առավելագույնը երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում:
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահի` այլ երկրներ կատարվող ճանապարհորդության ծախսերը (տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, և յուրաքանչյուրը մինչև 10 օր ժամկետով) հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական հատուկ պետական պահպանություն` օրենսդրությամբ սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահը կարող է ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր տեղյակ պահելով լիազոր մարմնի ղեկավարին:
Աղբյուրը` Իրավաբան.net