Ովքե՞ր են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները

Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ և տեղամասային ընտրական հանձնաժողովներ:

 

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի յոթ անդամ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում է Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով, բացառությամբ օրենքով սահմանված դեպքի:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից երեքը նշանակվում են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, երկուսը` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի, երկուսը` Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ: Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ նշանակված երկուական անդամները պետք է լինեն տարբեր սեռի ներկայացուցիչներ, և այդ երկուական անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական կրթություն կամ իրավունքի ոլորտում գիտական աստիճան:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ կարող է լինել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չի ծավալում և ունի`

 

1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ,

 

2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 5 տարում առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ,

 

3) բարձրագույն կրթություն և վերջին 10 տարում պետական մարմիններում առնվազն 5 տարվա հանրային ծառայության աշխատանքային ստաժ կամ

 

4) բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 3 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:

 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, հանձնաժողովի նախագահի տեղակալին և հանձնաժողովի քարտուղարին ընտրում է հանձնաժողովն իր կազմից:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել