Կոռուպցիոն հանցագործություններից է ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածով:
Նշված հոդվածի համաձայն`անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայությունն է:
Սույն հանցագործության օբյեկտ է հանդիսանում ոչ միայն արդարադատություն իրականացնող մարմինների նորմալ գործունեությունը, այլև մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները: Բացի այդ, այս և նմանատպ հանցագործությունները նսեմացնում են իշխանության հեղինակությունը:
Հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մանակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության անձին քրեական պատասխանատվության ենթարկելով:
Հանցագործության սուբյեկտիվ կողմը բութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ: Հանցավորը պետք է գիտակցի, որ քրեական պատասխանատվության է ենթարկում անմեղ անձի: Այսինքն, քրեական պատասխանատվության ենթարկվողի անմեղությունը պետք է ակնհայտ լինի հանցավորի համար: Հանցագործության սուբյեկտը հատուկ է. որպես այդպիսին հանդիսանում են քննիչը և դատախազը:
Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը կարող է զուգորդվել այլ հանցանքների կատարմամբ` ցուցմունքներ տալուն հարկադրելով, ապօրինի ձերբակալելով կամ կալանավորելով: Նման դեպքերում արարքը որակվում է հանցագործությունների համակցությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net