Հնարավո՞ր է արդյոք հրաժարվել ժառանգությունից

Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:

 

Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով:

 

Եթե ժառանգը դիմումը նոտարին չի հանձնում անձամբ, ապա ժառանգի ստորագրությունը նման դիմումի տակ պետք է վավերացվի նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու համար լիազորված պաշտոնատար անձի կողմից:

 

Ներկայացուցչի միջոցով ժառանգությունից հրաժարվելը հնարավոր է, եթե լիազորագրում հատուկ նախատեսված է նման լիազորություն:

 

Ժառանգությունից հրաժարվելը չի կարող վերացվել կամ հետ կանչվել:

 

Ժառանգությունից վերապահումներով կամ պայմանով հրաժարվել չի թույլատրվում:

 

Ժառանգին հասանելիք ժառանգության մասից հրաժարվել չի թույլատրվում:

 

Եթե ժառանգը ժառանգության է հրավիրվում և´ ըստ կտակի, և´ ըստ օրենքի, ապա նա իրավունք ունի հրաժարվել իրեն հասանելիք ժառանգությունից այդ հիմքերից մեկով կամ երկուսով:

 

Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ավելացման իրավունքով իրեն հասանելիք ժառանգությունից` անկախ ժառանգության մնացած մասը ժառանգելուց:

 

Ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:

 

Հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել`

 

1) կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին.

 

2) ժառանգության պարտադիր բաժնից.

 

3) եթե ժառանգին նշանակված է ենթաժառանգ:

 

Կտակարարը կարող է կտակում նշել այլ ժառանգի (ենթաժառանգի), այն դեպքի համար, եթե նրա նշանակած ժառանգը մահանա մինչև ժառանգությունը բացվելը, հրաժարվի ժառանգությունից, որպես անարժան ժառանգ մեկուսացվի ժառանգությունից կամ չկատարի կտակարարի օրինաչափ պայմանները:

 

Ենթաժառանգ կարող է լինել ցանկացած անձ, ով կարող է ժառանգ լինել (ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության ժամանակ սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները):

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել