Անդրադառնալով կոռուպցիոն հանցագործությունների շարքին` ներկայացնենք ևս մեկը, որն ուղղված է արդարադատության դեմ:
ՀՀ գլխավոր դատախազի 2008 թվականի թիվ 82 հրամանով կոռուպցիոն հանցագործություն է նաև արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը`պաշտոնեական դիրքն օգտագործելով: Սույն հանցագործությունը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում` գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար: Հոդվածի 3-րդ մասի համաձայն` արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը` պաշտոնեական դիրնք օգտագործելով:
Հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է դատարանի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն իրականացնող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու մեջ: Միջամտությունը պետք է կապված լինի քննվող գործի հետ: Այն կարող է դրսևորվել տարբեր եղանակներով` պահանջել, հարկադրել, ճնշում գործադրել, ծառայություններ մատուցելու խոստումներ տալ, սպառնալ ոտնահարել իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը և այլն:
Հանցագործության սուբյեկտիվ կողմը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, իսկ սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը:
Աղբյուրը` Իրավաբան.net