Վաճառողը պարտավոր է սպառողին հանձնել ապրանքային չեկ կամ գնման փաստը հավաստող այլ փաստաթուղթ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Սպառողի կողմից ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, վաճառողը պարտավոր է այդ ապրանքը փոխարինել պատշաճ որակի ապրանքով կամ սպառողին վերադարձնել նրա վճարած գումարը, եթե ապրանքի թերությունները հայտնաբերվել են պիտանիության ժամկետի սահմաններում:
Նշենք, որ սպառողի պահանջները քննարկվում են, եթե նա ներկայացնում է ապրանքային կամ դրամարկղային չեկ, իսկ այն ապրանքների նկատմամբ, որոնց համար սահմանված են երաշխիքային ժամկետներ, տեխնիկական տեղեկաթերթիկ կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ:
Վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է սպառողից ընդունել ոչ պատշաճ որակի ապրանքը, իսկ անհրաժեշտության դեպքում կատարել ապրանքի որակի ստուգում: Սպառողն իրավունք ունի մասնակցել ապրանքի որակի ստուգմանը:
Ապրանքի թերությունների առաջացման պատճառների վերաբերյալ վեճի դեպքում վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է ապրանքի փորձաքննությունը կատարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում: Սպառողն իրավունք ունի դատական կարգով վիճարկել այդպիսի փորձաքննության եզրակացությունը:
Եթե ապրանքի փորձաքննությունից պարզվում է, որ թերություններն առաջացել են ապրանքն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, կամ երրորդ անձանց գործողությունների, կամ անհաղթահարելի ուժի հետևանքով, ապա սպառողը պարտավոր է հատուցել վաճառողի (արտադրողի) կամ կոմիսիոների փորձաքննության կատարման, ինչպես նաև դրա կատարման հետ կապված ապրանքի պահման ու փոխադրման ծախսերը:
Վաճառողը (արտադրողը) կամ կոմիսիոները պարտավոր է բավարարել սպառողի պահանջները, եթե չապացուցի, որ ապրանքի թերություններն առաջացել են այն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից ապրանքի օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, երրորդ անձի գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով:
Աղբյուրը` Իրավաբան.net