Կաթսաների և դրանց հիմնական մասերի կառուցվածքին ներկայացվող հիմնական պահանջը նրանց հուսալի և անվտանգ շահագործման ապահովումն է` հաշվարկային հարաչափերով տեխնիկական պայմաններում ընդունված անվտանգ աշխատանքի հաշվարկային ռեսուրսի ընթացքում, ինչպես նաև տեխնիկական զննման, մաքրման, լվացման և նորոգման հնարավորությունը:
Կաթսայի կառուցվածքի և նրա նախագծի բոլոր փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը առաջացել է նորոգման կամ կարգաբերման ընթացքում, պետք է համաձայնեցվեն նախագծային կամ արտադրող կազմակերպության հետ:
Կաթսայի կառուցվածքը պետք է ապահովի դրա տարրերի հավասարաչափ տաքացումը թողարկման և բնականոն աշխատանքային ռեժիմում աշխատելու ընթացքում, ինչպես նաև առանձին մասերի ջերմային ընդարձակման հնարավորությունը:
Նշենք, որ կաթսան պետք է նախագծված լինի այնպես, որ այրման արգասիքները բոլոր ռեժիմներում հեռանան միայն ծխատարով: Ծխատարի կտրվածքը, բարձրությունը, սահափականների կիրառման անհրաժեշտությունը և տեղակայման հեռավորությունը շինություններից, շենքերից և դրանց հրդեհավտանգ կամ պայթյունավտանգ մասերից պետք է համապատասխանեն ՍՆԻՊ II-35-76 շինարարական նորմերին, ինչպես նաև արտադրող կազմակերպության հրահանգներին:
Կաթսայի չկարգավորվող սահափականը պետք է ունենա ուղեկապման հարմարանք, որը ապահովում է կաթսայի բոցավառման սկսվելը միայն սահափականի լրիվ բաց դիրքում:
Ծխատարի սահափականը կարող է լինել ավտոմատ և ունենա ուղեկապման հարմարանք, որը բացառում է հնոցում այրման ռեժիմի խախտումը, թերայրումը կամ կաթսայի գործարկումը սահափականի փակ դիրքում: Բացի այդ, կաթսան պետք է սարքավորված լինի նաև անվտանգ գործարկումը ստուգող սարքով, որը կանխում է սահափականի բացումը, եթե ուղեկապման սարքերը սխալ դիրքում են:
Այրման համար անհրաժեշտ օդի սահափականները պետք է լինեն ավտոմատ կառավարվող:
Կաթսաների ծխնելույզների տեղակայման պայմանները սահմանվում են համապատասխան շինարարական նորմերով: Բոլոր տեսակի ծխատարները պարտադիր պետք է ունենան 2.5 աստիճանից ոչ պակաս թեքություն դեպի վեր` ծխագազերի հոսքի ուղղությամբ:
Կաթսաների ծխնելույզները պետք է նախագծվեն այնպես, որ աշխատեն «չոր» ռեժիմում (առանց ծխագազերում գոլորշու կոնդենսացման): Դրա անհնարինության դեպքում պետք է նախատեսվի կոնդենսատի հավաքման և հեռացման մշտական գործող համակարգ:
Աղբյուրը` Իրավաբան.net