Նախօրեին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի առաջարկությամբ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ համատեղ մշակված «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Արդյունքում Տեսչական մարմնի կողմից այս ոլորտում իրականացվող ստուգումներն արդեն իսկ կիրականացվեն տնտեսվարողներին առանց նախապես տեղեկացնելու, ինչն իր դրական ազդեցությունը կթողնի այդ ոլորտում (ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիքի, հեղուկացված ածխաջրածնային գազեր և այլն) չափագիտական կանոների և նորմերի բացահայտման և խախտումների շտկման վրա:
Մինչ այս, գործող օրենքի համաձայն վերահսկողություն իրականացնելիս նախապես երեք աշխատանքային օր առաջ տնտեսվարող սուբյեկտը պարտադիր տեղեկացվում էր՝ այսպիսով հնարավորություն ստանալով եռօրյա ժամկետում չափման միջոցի օգտագործումը քողարկել, ստուգման ժամանակահատվածում թերությունները վերացնել և ներկայացնել թվացյալ այլ իրավիճակ: