Վազգեն Մանուկյանը նամակ է ուղղել Հանրային խորհրդի անդամներին․ ՀԽ-ն նիստ է գումարել

Ս․թ․ նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի արտահերթ նիստ, որը հրավիրվել է խորհրդի անդամների մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ համաձայն «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի։

Օրակարգային գլխավոր հարցը եղել է Հանրային խորհրդի նախագահի հրաժարականի հետևանքով խորհրդում ստեղծված իրավիճակի և խորհրդի հետագա գործունեության հետ կապված հարցերի քննարկումը։ Այս մասին հայտնում են խորհրդի մամուլի ծառայությունից։

ՀԽ անդամների առաջարկով՝ նիստը նախագահել է խորհրդի ամենաավագ անդամ Յուրի Ջավադյանը:

Խորհրդի անդամները նախ անդրադարձել են ս․թ․ նոյեմբերի 13-ին Վազգեն Մանուկյանի կողմից իրենց ուղղված նամակին, որտեղ վերջինս հայտնել է ՀԽ անդամակցությունը դադարեցնելու իր որոշման և դրա պատճառների մասին։

Բարձր գնահատելով Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանի 10-ամյա գործունեությունը, նրա հեղինակությունն ու դերը՝ խորհրդի անդամները միաժամանակ ափսոսանք ու մտահոգություն են հայտնել Մանուկյանի հրաժարականի և դրա պատճառների առնչությամբ։

Այս համատեքստում քննարկվել է նաև Հանրային խորհրդի շուրջ հրահրվող բացասական մթնոլորտը։ Խորհրդի անդամներն անընդունելի են համարել իշխանական որոշակի շրջանակների կողմից դրսևորվող ոչ պատշաճ վերաբերմունքն ու հրապարակային ելույթները խորհրդի գործունեության նկատմամբ։

ՀԽ անդամների համոզմամբ՝ ՀՀ կառավարության, ինչպես նաև պետական իշխանության այլ մարմինների հետ Հանրային խորհրդի արդյունավետ համագործակցության համար առնվազն անհրաժեշտ է ապահովել փոխադարձ հարգանք և կառուցողական մթնոլորտ։
 
Քննարկելով Հանրային խորհրդի հետագա գործունեության հետ կապված հարցերը՝ որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ (Անահիտ Աղոյան, Հարություն Մեսրոբյան, Արծրուն Պեպանյան), որն օպերատիվորեն կզբաղվի ստեղծված իրավիճակում խորհրդի առաջիկա աշխատանքները կազմակերպելու, նիստերի օրակարգային հարցերը ձևավորելու խնդիրներով։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել