2020 թվականի հունվարի 1-ից 30 %-ով կբարձրանա մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի ու սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների նվազագույն աշխատավարձը։
Նախագիծը հավանության արժանացավ կառավարության կողմից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Բաթոյանին ներկայացնել նաև, թե որքան է կազմում այն անձանց թիվը, որոնց վրա տարածվում է փոփոխությունը։ Նախարարը տվյալները կներկայացնի ավելի ուշ։
Խոսքը վերաբերվում է նախարարության կողմից պատվիրակված ծառայություններ մատուցող կազմակերպություններում աշխատող սոցիալական աշխատողներին, սոցիալական մանկավարժներին, դաստիարակներին, մեթոդիստ համակարգողներին, էրգոթերապիստներին, խմբավարներին (ըստ ուղղությունների), հատուկ մանկավարժների (այդ թվում՝ լոգոպեդ, տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ), հոգեբանների (այդ թվում՝ հատուկ հոգեբան, վարքային թերապիստ), սպասուհիներին, դայակներին, հոգեբույժներին, բուժքույրերին, ադապտիվ ֆիզկուլտուրայի և աշխատանքային թերապիայի մասնագետներին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծը մշակելիս՝ հաշվի է առնվել մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար առկա ծառայությունների և մասնագետների պակասը, ինչպես նաև՝ տարվող աշխատանքների հետ կապված առանձնահատկությունները:
Կարևորվել է նաև այն, որ աշխատավարձերի անհրապույր լինելը կարող է ռիսկի ենթարկել ծառայությունների առկայությունը, հետևաբար՝ նաև հաշմանդամություն ունեցող անձանց՝ համայնքում ապրելու իրավունքի ապահովան համար անհրաժեշտ պայմանների ապահովումը: