Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում կտրամադրվի․ Արայիկ Հարությունյանի հրաման

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին հրաման է  ստորագրել, որով  հաստատել է հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման պայմանները, չափի որոշման և տրամադրման կարգը:

Սահմանվել է, որ փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական դպրոցների.

  • այն մանկավարժներին, որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է 5 կմ-ից) հանրակրթական դպրոցի ուսուցիչ 0.5-ից ավելի հաստիքային դրույքով և ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող «Փոխհատուցում Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժներին» և նման այլ ծրագրերում,
  • դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հանրակրթական դպրոցի կամ այդ դպրոցում տվյալ մակարդակի ծրագրի բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հանրակրթական դպրոցում, որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է 5 կմ-ից:

Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում տվյալ տարվա համար Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հրապարակված միջմարզային և/կամ միջհամայնքային երթուղային ցանցի մրցույթով ներկայացված սակագների միջին թվաբանականը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ 200 ՀՀ դրամը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար): Տվյալ բնակավայրի անվանման բացակայության դեպքում հիմք է ընդունվում վերջինիս ամենամոտ բնակավայրի համար սահմանված սակագինը:

Ուսումնական հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը և սեպտեմբերի 20-ը դպրոցի ըստ պատկանելիության կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տվյալ կիսամյակի ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ և հաշվարկներ:

Նախարարության հանրակրթության վարչությունը նշված տեղեկատվությունը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում է փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը և Նախարարության գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկատվության վերաբերյալիր դիրքորոշումը և վերջնական ամփոփ ցուցակները, որը սահմանված կարգով մակագրվում է Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությանը:

Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունն ուսումնասիրում է նշված ցուցակները և.

  • նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում նախարարության ենթակայության համապատասխան հաստատությունների հետ կնքվող պայմանագրերը,
  • առաջարկություն է ներկայացնում մարզպետարաններին իրենց ենթակայության համապատասխան հաստատությունների հետ պայմանագրեր կնքելու և ամենամսյա ֆինանսավորում իրականացնելու վերաբերյալ։

Հաստատությունները, պայմանագրով սահմանված կարգով, յուրաքանչյուր ամիս իրենց կառավարման լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն՝ նախորդ ամսվա փաստացի հաճախումների մասին:

Նախարարության հանրակրթության վարչության կողմից տրված դրական եզրակացության հիման վրա Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ամենամսյա ֆինանսավորում:

Մարզպետարանները սույն կարգի 8-րդ կետում նշված հաշվետվությունը ստանալուց հետո յուրաքանչյուր ամիս նախորդ ամսվա փաստացի հաճախումների արդյունքների մասին ստացված տեղեկատվության հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են ամենամսյա ֆինանսավորում:

Մանրամասները՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել