Կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հիմքերը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը:

Նախագծով նախատեսվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում պետք է անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել  ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները:

Եթե ​​ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կա մարդկային զոհ կամ վիրավոր անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ  բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն և ոստիկանություն հայտնելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, այնտեղ հայտնել իր ազգանունը, տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը,որից հետո վերադառնալ պատահարի վայր.

Եթե  ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց  հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատել  երթևեկելի  հատվածը` նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսվելով տրանսպորտային միջոցների դիրքը միմյանց և ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության  կազմակերպման տեխնիկական միջոցների  նկատմամբ, ապահովագրական պատահարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված հետքերըու օբյեկտները, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝  դրանց պահպանման և դեպքի վայրի շրջանցմանկազմակերպման ուղղությամբ:

Նախատեսվում է, որ պետք է  գրանցել  ականատեսների անուններն ու հասցեները և սպասել ոստիկանության ծառայողների ժամանմանը։

Եթե ​​ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվել  է միայն գույքը, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատել երթևեկելի հատվածը, նախապես  տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսվելով  տրանսպորտային միջոցների դիրքը միմյանց և ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նկատմամբ, ապահովագրական պատահարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված հետքերը ու օբյեկտները, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝  դրանց պահպանման և դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ, բացառությամբ  ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխան անհնարինության դեպքերի:

Վարորդը պարտավոր չի լինի դեպքի մասին հայտնել ոստիկանությանը և կարող է թողնել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, եթե ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենսդրության համաձայն կիրառվում է ապահովագրական պատահարների և հատուցման կարգավորման պարզեցված ընթացակարգ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքների նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, վերջիններիս պատասխանատվության ենթարկելու հիմքերը, և արդյունքում կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել