Հանրության շրջանում վերջերս շատ է բարձրաձայնվում բժշկական կադրերի անհամապատասխանությամբ պայմանավորված բժշկական կազմակերպությունների լիցենզիաների կասեցման հարցը` բուժօգնության և սպասարկման առանձին տեսակներով: Հարկ է նշել, որ գործընթացը սկսվել է 2018 թվականի մարտից` ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալությունում շուրջ 1 տարի իրականացված հաշվեքննությամբ:
Այդ ընթացքում հաշվեքննության է ենթարկվել ու գնահատվել դեղատնային գործունեության, նաև բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում Հաշվեքննիչ պալատը հաստատել է ընթացիկ եզրակացություն, որով արձանագրել է, որ ուսումնասիրված 410 դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորված անձանցից 159-ով և 400 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզավորված անձանցից 268-ով չի պահպանվել կառավարության որոշմամբ նախատեսված պահանջը` չեն ներկայացվել աշխատակիցների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերը։
Դեղատնային գործունեություն և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը, որոնք սահմանված կարգով և ժամկետներում առողջապահության նախարարություն չեն ներկայացրել աշխատակիցների մասին համապատասխան տվյալներ, հրապարակվել է ՀՀ Հաշվեքննիչ պալատի էլեկտրոնային կայքում և ներկայացվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2019 թվականի մարտ-հունիս ամիսներին հարուցվել են վարչական վարույթներ, որոնց արդյունքում պարզվել է, որ դեղատնային գործունեություն իրականացնող 136 և բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող 226 լիցենզավորված անձանց կողմից կառավարության որոշմամբ նախատեսված պահանջը պահպանված չէ: Աշխատակիցների մասին տվյալներ չներկայացրած լիցենզավորված անձանց ցանկը ներկայացվել է առողջապահության նախարարություն` գործունեության հետագա կասեցման առաջարկով:
Կասեցման ենթարկվել են դեղատնային գործունեություն իրականացնող 32 կազմակերպություն, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 76 կազմակերպություն` նախապես ծանուցված լինելով: Այն կազմակերպությունները, որոնք մինչև կասեցման նիստը ներկայացրել են համապատասխան փաստաթղթերը կասեցման չեն ներկայացվել: Ինչպես նաև շատ կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր համապատասխան գործունեության իրականացման լիցենզիայի կամ լիցենզիայով նախատեսված տեսակների կասեցումից հետո ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր և տվյալ կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի լիցենզիաների կասեցման հրամաններն ուժը կորցրած են ճանաչվել:
Համալիր այս գործընթացը միտված է առողջապահության ոլորտում բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի իրականացման իրավունքը չունեցող անձի կողմից բուժօգնության տրամադրման կանխմանը կամ բացառմանը: