Կառավարության հավանությանն է ներկայացվել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նախագծով փոխվում է Հանրապետության նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդի որոշման կարգը, որով անուղղակիորեն կարգավորում է նաև այդ աշխատողների հիմնական աշխատավարձի չափը:
Նախագծով առաջարկվում է վերոհիշյալ աշխատողների աշխատավարձի ֆոնդը որոշել` հիմք ընդունելով պետական հատվածում 50 և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում տարեկան միջին աշխատավարձի ցուցանիշը` հաշվի առնելով նաև գնաճի ցուցանիշը:
«Հանրապետության Նախագահի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, վարչապետի աշխատակազմում, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ամսական աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի եւ այդ աշխատողների թվի արտադրյալով:
Կրկնապատիկ գործակցով պայմանավորված քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի ֆոնդի ձեւավորման համար միջին աշխատավարձը կազմում է 66.140*2=132.280 ՀՀ դրամ: Գործակցի մեծությունը սահմանվել է օրենքի գործադրմամբ, այն է 2013 թ. երբ միջին անվանական աշխատավարձը, ըստ վիճակագրական ծառայության կազմել է 146.524 ՀՀ դրամ: Ստացվում է, որ օրենսդիրը որոշում կայացնելիս այդ միջին աշխատավարձը սահմանել է միջին ամսական անվանական աշխատավարձի 90 տոկոսի չափով:
2018 թ. համար ՀՀ վիճակագրական պետական ծառայությունը ամսական անվանական աշխատավարձը հաշվարկել է 172.727 ՀՀ դրամ: Այլ հավասար պայմաններում, նույն տրամաբանությամբ 2019թ. քաղաքացիական աշխատանք կատարող եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց միջին աշխատավարձը պետք է կազմեր 155.454 ՀՀ դրամ, սակայն նման աշխատավարձի սանդղակ սահմանելու հնարավորություն օրենսդիրը չի տվել:
Հիմք ընդունելով վերը շարադրվածը՝ օրենքում համապատասխան փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել: