Վարչական շրջանի նախկին ղեկավարի առանձնատանը հայտնաբերվել է ապրիլյան պատերազմի մասնակիցների համար գնված մեքենան

Ոստիկանության ԵՔ վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքապետարանի տարբեր աշխատակիցների միջոցով վարչական շրջանի տարբեր տնտեսվարող անձանցից, ինչպես և ռուսաստանաբնակ անձանցից հավաքագրել է ընդհանուր 9900 դոլարին համարժեք 4․752․000 դրամ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրվակով։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը հիշյալ ֆինանսական միջոցներով իր մտերիմների օգնությամբ ձեռք է բերել և Ռուսաստանից Հայաստան տեղափոխել «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը նվիրաբերել է Շենգավիթ վարչական շրջանի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահին, իսկ մյուսը հաշվառելով իր վարորդի անվամբ յուրացման եղանակով հափշտակել է։ Անձնական կարիքների համար օգտագործված մեքենան հայտնաբերվել է վարչական շրջանի նախկին ղեկավարի առանձնատան ավտոտնակում։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Նախաքննության ընթացքում նախկին պաշտոնատար անձը վերականգնել է պատճառված վնասը։ Քննությունը շարունակվում է։

Տեսանյութը՝ ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել