«Տարբերություն կա հանրային տարածքում ցույց անելու և մարդու մարմնին մոտենալու մեջ». Մարիա Կարապետյան

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել և քննարկում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:

Հիմնական զեկուցողն է պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Պատգամավորի խոսքով՝ կարևոր է, որպեսզի հանձնաժողովը սկսի ավելի ակտիվ գործել: Խոսելով քննարկվող թեմայի մասին նա նշեց, որ այս պահին շատ գործողություններ քրեականացված չեն, սակայն պախարակելի են և դրանց վերաբերյալ հանրությունը պետք է իրազեկված լինի:

«Շատ ակցիաների կամ բեմականացված ակցիաների ժամանակ հնչում են կարգախոսներ, որոնք համակրելի են հանրության այս կամ այն շրջանակի կողմից, սակայն այդ ակցիաների ժամանակ օգտագործվում են մեթոդներ, որոնք միանշանակ դատապարտելի են: Սա կոչ է նաև մեր հանրության այս 2-ը տարանջատել»,-նշեց պատգամավորը:

Մարիա Կարապետյանը նշեց նաև, որ տարբերություն կա դատարանի առաջ ցույց անելու և դատավորին մոտենալու մեջ. «Տարբերություն կա հանրային տարածքում ցույց անելու և մարդու մարմնին մոտենալու մեջ»:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը համաձայն չէր պատգամավորի այն դիտարկմանը, որ հանձնաժողովը ակտիվ չի աշխատում: Նա նշեց, որ հանձնաժողովում շուտով կհյուընկալվեն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և «սևազգեստ մայրերը»՝ բանակում ինքնասպանության հարցերը քննարկելու նպատակով:

«Դուք հիանալի զբաղվում եք կանանց իրավունքների պաշտպանությամբ, Ձեզ խնդրել եմ քննարկում կազմակերպել՝ կանանց նկատմամբ բռնության թեմայով: Առ այս պահը որևէ օրակարգ, որևէ թուղթ չեք ներկայացրել: Դուք գիտեք, թե նախորդ օրը ես քանի հոգեբուժարանում եմ եղել, քանի կականց եմ հանդիպել: Հիմա, եթե ամեն օր ես դա Facebook-ում չեմ ճպպացնում, դա չի նշանակում, որ չենք անում»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Թագուհի Ղազարյանն էլ «Ջոկոնդայի» ժպիտով էմասնակցում նիստերին:

Մարիա Կարապետյանը նկատեց, որ Նաիրա Զոհրաբյանը այսօր շատ գրգռված է, ինչին վերջինս պատասխանեց, որ նման բան «աբսալյուտնի» չկա:

Այսօր հանձնաժողովը կքննարկի նաև հանձնաժողովի կողմից Կանանց հարցերով խորհրդի անդամի առաջադրման և ընտրության հարցը:

Նիստը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել