Կարո՞ղ է անձը ենթարկվել պլաստիկ վիրահատության՝ պետության հաշվին․ պարզաբանում

2005 թվականին առողջապահության նախարարը հրաման է ստորագրել, որով սահմանել է, թե սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթը ինչ է իր մեջ ներառում։

Իրավաբան․net-ը հայտնում է, որ կարգը գործում է մինչ այսօր։

Հրամանով պատասխան է տրվում հաճախ տրվող այն հարցերից մեկին, թե արդյոք շահառուն սոցիալական փաթեթի շրջանակներում կարող է օգտվել ֆիզիոթերապևտիկ միջոցառումներից և բուժումից, կամ ենթարկվել պլաստիկ վիրահատության:

Իրավական ակտում նշված է, որ փաթեթի շահառուն չի կարող օգտվել ֆիզիոթերապևտիկ միջոցառումներից և բուժումից կամ ենթարկվել պլաստիկ վիրահատության, քանի որ նշված ծառայությունները փաթեթի շրջանակներում չեն փոխհատուցվում, սակայն եթե շահառուն ընդգրկված է սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում, ապա նշված ծառայություններից կարող է օգտվել ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Նշված 318-N հրամանում նշված է․ «Հրամանով կարգավորվում են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց սույն որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:

Անվճար պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվում են հետևյալ խմբերում ընդգրկված անձինք՝

1) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները.

2) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք.

3) ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.

4) բռնադատվածները.

5) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները.

6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.

7) ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.

8) մինչև 18 տարեկան երեխաներ.

9) 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

10) 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

11) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ.

12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ.

13) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.

14) ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ:

Անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվում են նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ հետևյալ բժշկական ծառայությունները՝

1) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ՝ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը).

2) կլիպսների օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.

3) շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.

4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ.

5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա.

6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ.

7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա.

8) սրտի կաթետերային աբլացիա.

9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում.

10) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրում (ներառյալ՝ ֆիլտրի արժեքը).

11) արթրոսկոպիկ վիրահատություններ.

12) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների՝ հարթակների, պտուտակների և շյուղերի կիրառում (այդ թվում՝ հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքը).

13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով.

14) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ.

15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա.

16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում):

Կարգի 2-րդ կետի 1-8-րդ ենթակետերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվում են 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում:

Կարգի 3-րդ կետի 1-9-րդ ենթակետերով թվարկված ծառայություններից պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները (այդ թվում՝ երկրապահ կամավորականները).

2) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները:

Կարգի 3-րդ կետի 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով թվարկված ծառայություններից պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն նաև`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները (այդ թվում՝ երկրապահ կամավորականները) և նրանց ընտանիքների անդամները,

2) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները,

3) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամները,

4) ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել