Եվս 400 աշխատող մայրեր պետության հաշվին դայակ վարձելու հնարավորություն կստանան

«Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ երեխայի մինչև 2 տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում» ծրագրում նախորդ տարվանից ընդգրկված անձանց սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը,  որոշման նպատակը նախորդ և այս տարվա ընթացքում բոլորին հայտնի դայակների ծրագրում ընդգրկված շահառուներին համապատասխան վճարումներ կատարելն է: «2018 թվականին վերը նշված միջոցառմամբ նախատեսվել էր ընդգրկել 200 շահառուի, սակայն, պահանջարկից ելնելով, ընդլայնել ենք ծրագիրը և ընդգրկել 472 անձի։ Այս տարի ևս 400 շահառուի համար ֆինանսավորում ենք նախատեսել»,- ասել է նախարարը։

Նախարարը նշել է, որ որոշման արդյունքում վերաբաշխման միջոցով լրացուցիչ 77 մլն 334 հազար դրամ գումար կհատկացվի նախորդ և այս տարվա ընթացիկ ծրագրերում ընդգրկված շահառուներին վճարելու համար։ Ըստ Զարուհի Բաթոյանի՝ շահառուներին տրամադրվում է առավելագույնը նվազագույն աշխատավարձի չափով գումար՝ 55 հազար դրամ: Նախարարի խոսքով՝ ծրագրից օգտվելու համար ցանկություն հայտնած անձանց թիվն ավելի շատ է և, ըստ այդմ, սահմանվել է  առաջնահերթությունների կարգ։ «Դա այն քաղաքացիներն են, ովքեր ընտանեկան նպաստ են ստանում, մինչև 2 տարեկան 2 և ավելի երեխաներ ունեն կամ ովքեր ունեն հաշմանդամություն ունեցող երեխա և այլն։ Մենք վերանայում ենք, քննարկումներ ենք իրականացնում, որպեսզի հետագայում կարողանանք ծրագիրն ընդլայնել և արդյունավետությունը բարձրացնել»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել