Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 29-ի որոշմամբ սահմանվում է, որ ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրվում է ոչ ավելի, քան 150 հազար դրամի չափով, հետևյալ նպատակներով՝
- կենսաապահովման նվազագույն կարիքները հոգալու համար.
- բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով փոխհատուցման կամ մասնակի փոխհատուցման համար.
- ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման համար.
- աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար՝ բացառությամբ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գործազուրկների և աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար սահմանված զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում նախատեսված դասընթացների:
Ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրվում է կառավարության 2019 թվականի մարտի 29-ի որոշման հավելվածի հարցաթերթում պատասխանների ամփոփման արդյունքում՝
1) 50 հազար դրամի չափով՝ 8-22 միավորի դեպքում,
2) 100 հազար դրամի չափով՝ 23-36 միավորի դեպքում,
3) 150 հազար դրամի չափով՝ 36-ից ավելի միավորի դեպքում:
Ընտանիքում բռնության ենթարկված անձին ժամանակավոր ֆինանսական աջակցություն չի տրամադրվում, եթե միավորների քանակը չի գերազանցում 8 միավորը:
Որոշման համաձայն, ընտանիքում բռնության ենթարկվածներին ֆինանսական աջակցություն տրամադրվում է ընտանիքում բռնության ենթարկված անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա: