Միայնակ թոշակառուները պետությունից աջակցություն կստանան․ նոր նախագիծ՝ նախարարությունից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նոր նախագիծ, որով նախատեսվում է սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերել:

Պետական աջակցությամբ ձևավորված` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գտնվող սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում ներկա դրությամբ բնակվում է ավելի քան 200 անձ, որոնցից 59-ը միայնակ կենսաթոշակառու են, այդ թվում` 28 միայնակ կենսաթոշակառու բնակվում է Երևանում և Մարալիկում գտնվող սոցիալական տներում, իսկ 31-ը` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց համար նախատեսված կացարանում (այլ կերպ անվանվում է նաև «Վետերան» օթևան):

Սոցիալական տներում շահառուներին կացարանով ապահովման կարգը և ծառայությունների տրամադրման գործընթացը կանոնակարգված է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ:  Համաձայն որի, կացարանով ապահովվում են սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք չունեցող անձինք, որոնք սոցիալական վիճակով պայմանավորված հնարավորություն չունեն լուծելու իրենց բնակարանային խնդիրը: Սոցիալական տունն անձին տրամադրում է միայն կացարան, և երբեմն էլ որոշ սոցիալական ծառայություններ, սակայն կոմունալ ծառայությունների դիմաց վճարում է բնակիչը, որը հոգում է նաև իր բոլոր անհրաժեշտ ծախսերը` սննդի, հագուստի, կենցաղի հետ կապված:

Տարիների փորձը ցույց է տվել, որ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուները հիմնականում (կենսաթոշակը չի բավարարում միաժամանակ և ապրելու, և կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու համար) չեն կարողանում վճարել իրենց սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները և պարբերաբար խնդիրներ են առաջացնում կացարանների տնօրինությունների համար. վերջիններս էլ հաճախ բնակիչների պարտքերը մարելու կամ զիջելու խնդրանքով դիմում են ծառայություններ մատուցող կազմակերպություններին, որոնք էլ կամ օգնում են կամ էլ` մերժում: 

Նախագծի ընդունման արդյունքում, սոցիալական աջակցություն կցուցաբերվի պետական աջակցությամբ ձևավորված սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին։ Ըստ նախնական հաշվարկների (հիմք է  ընդունվել նրանց վերջին երկու տարվա ընթացքում սպառած բնակարն գազի, էլեկտրաէներգիայի և ջրի  դիմաց վճարված միջինացված ցուցանիշը), յուրաքանչյուր միայնակ կենսաթոշակառու ամսական վճարում է միջին հաշվով 12 000 դրամ  (երեք ծառայության համար միասին), այսինքն` տարեկան 144 000 դրամ: Սույն նախագծով հաշվարկվել է փոխհատուցման համար՝ յուրաքանչյուր կենսաթոշակառուին (մեկ սենյակի համար) ամիսը 12 750 դրամ, որը կազմում է նվազագույն կեսաթոշակի 50%-ը: Այս պարագայում, կենսաթոշակառու բնակիչների այսօրվա թվաքանակով, կպահանջվի  տարեկան 9 027 000 դրամ:

Օրինագծի ընդունման դեպքում, սոցիալական տան բնակիչներից յուրաքանչյուրը  տարեկան կտնտեսի 153 000 դրամ, որը կկարողանա ծախսել իր կենսականորեն անհրաժեշտ կարիքները հոգալու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել