ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Բաղրամյանի տարածքային գործակալության գլխավոր մասնագետին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Սոցիալական աջակցության Բաղրամյանի տարածքային գործակալության գլխավոր մասնագետը, լիազորված լինելով բնակչությանը օրենքով նախատեսված սոցիալական ծառայություններ տրամադրելու, նպաստի նշանակման համար քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու լիազորություններով, ամենամյա վերանայման ընթացքում ծագած խնդիրներն անտեսելով նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց 2010-2017թթ. ընթացքում Դալարիկ գյուղի երկու բնակչից ստացել է ապօրինի վարձատրություն:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Բաղրամյանի տարածքային գործակալության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին և 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննության ընթացքում Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետի կողմից ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին փոխանցվել է որպես ապօրինի վարձատրություն ստացած գումարի մի մասը։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: